Նոյեմբերի 8-12-ը Հայաստանում կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց «Խիկարի» (ճապոներեն` «լույս») կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը, նոյեմբերի 8-10-ը փառատոնը կանցկացվի «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ 11-12 –ը` Գյումրիի «Հոկտեմբեր» թատրոնում:
Հայկական հանդիսատեսին կներկայացվեն հինգ` «Այկի», «Գլխով հարված», «Առաջին սեր», «Ինչ է բերում ձյունը», «Կրակ» ֆիլմերը: Փառատոնը կազմակերպել է «Խիկարի» կենտրոնը` Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ:
Փառատոնի բացման օրը Հայաստանի ազգային պատկերասրահում ճապոնական փորագրանկարների ցուցահանդես կկազմակերպվի, ճապոնական կողմն էլ, իր հերթին, սարքավորումներ կփոխանցի: «Թանգարանում պահպանվում են ճապոնական հրաշալի փորագրանկարներ, դրանք ցուցադրված չէին`համապատասխան շրջանակների բացակայության պատճառով: Մենք հնարավորություն ունեցանք դրանք պատվիրելու: Դա ֆանտաստիկ ցուցահանդես է, որին կներկայացվի 40 փորագրանկար»,-նշեց Կ. Փիլիպոսյանը:



























