ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատում» խորագրով լսումների ժամանակ հստակ հարց ուղղեց ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով բյուրոյի փոխտեղակալ Յուրի Քիմին՝ արդյոք ԱՄՆ շահերից բխո՞ւմ է էթնիկ զտումները կանխելը եւ ստանալով դրական պատասխան, շարունակեց. «Ասում եք, որ 907 բանաձեւի շրջանցումը եւ Ադրբեջանին օգնություն տրամադրելը բխում է ԱՄՆ շահերից։ Եթե էթնիկ զտումը կանխելը նույնպես ԱՄՆ շահերից է բխում, այդ դեպքում 907 բանաձեւը շրջանցելու քննարկումների ժամանակ ինչո՞ւ այդ մասին չի խոսվում: Եթե Ադրբեջան-Իրան սահմանային անվտանգության, թմրանյութերի դեմ պայքարի շրջանակում Ադրբեջանին օգնություն տրամադրելով՝ նրան թույլ տանք, որ էթնիկ զտումներ իրականացնի, մենք ամբողջ աշխարհին մեսիջ կուղարկենք, թե որոնք են մեր առաջնահերթությունները: Դրանով կասենք, որ դուք էլ կարող եք էթնիկ զտումներ իրականացնել, եթե մեզ հետ աշխատում ենք մեր շահերց բխող ոլորտներում։ Դա ԱՄՆ քաղաքականության սարսափելի արդյունք կլինի: Ես չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս կարող ենք ասել, որ 907 բանաձեւը շրջանցելով լավ արդյունք ունենք, երբ Ադրբեջանը պարբերաբար խախտում է պայմանավորվածությունները, զորքեր կուտակում, սառնասրտորեն սպանում անզեն հայ զինծառայողներին, սեռական բռնության ենթարկում եւ անդամահատում հայ կին զինծառայողին։

Մենք չենք կարող ասել, որ մենք ձեռքբերումներ ունենք, քանի դեռ Ադրբեջանի զորքերն առաջ են շարժվում: Ի վերջո ինչպե՞ս կարող է 907 բանաձեւից բացառությունը լավ արդյունքների բերի, երբ Ղարաբաղի 120 հազար մարդիկ էթնիկ զտման շեմին են կանգնած»,– ասաց Մենենդեսը։