«Մայր Հայաստան» շարժման անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ ուղերձ է հղել երեւանցիներին:
«Եթե հետեւում ենք մասնակիցներից շատերի ելույթներին, թեզերին, մամուլի մեկնաբանություններին, սոցցանցերի քննարկումներին, ապա այնպիսի տպավորություն է, որ չեն շոշափում հիմնական խնդիրը՝ սրանք ինչ ընտրություններ են: Այս ընտրությունները տեղի են ունենում 2023 թվականի սեպտեմբերին, այսինքն՝ մեզ համար ճակատագրական ժամակահատվածում»,- նշեց Ստեփան Դանիելյանը:
Դանիելյանի խոսքով՝ Երեւանի ընտրությունները կարող են ազդել քաղաքական գործընթացների վրա եւ քաղաքական իրավիճակ փոխել:
«2021 թվականի ընտրություններին, որը, իմ կարծիքով, ապագայում կմտնի որպես հայ ժողովրդի բարոյական առումով խայտառակություն, որովհետեւ պատերազմում պարտված իշխանությունը գնալով ընտրության ստացավ 600 հազարից ավելի ձայն, խնդիրն արդեն ոչ թե իշխանությունն է, այլ հանրությունը: Այսինքն՝ հանրությունը հաշտվում է պարտության հետ եւ արդեն հանրությունն է կապիտուլյացիայի ենթարկում: Մեր թշնամիները, դրանով ոգեւորված, սկսեցին մեծացնել իրենց պահանջները, նոր տարածքային ձեռքբերումներ ունեցան մեր հաշվին, նոր զոհեր մենք տվեցինք, եւ զոհերը մենք տալիս ենք ամեն օր»,- ասաց Ստեփան Դանիելյանը:
Նրա դիտարկմամբ՝ եթե սեպտեմբերի կայանալիք այս ընտրություններին ՀՀ հանրությունը շարունակի նույն կերպ քվեարկել, ապա կնշանակի, որ արդեն միջազգային հանրությունը, որոնք ունեն շահեր մեր տարածաշրջանում, կհամարեն, որ հայ ժողովուրդը հաշտվել է իր սուվերենության նվազեցմանը:
«Այս ընտրություններն իրոք ունեն ճակատագրական նշանակություն: Մեր թշնամիները նման կերպով են մոտենալու այս ընտրություններին: Շատերը կոչ են անում՝ եկեք բոյկոտեք այս ընտրությունները, ընտրությունները մասնակցելով այս ընտրություններին լեգիտիմացնում է այս ընտրությունները եւ դրա հետեւանքով այս իշխանությանը: Այս իշխանությունները օգտագործելով իրենց ադնիմիստրատիվ ռեսուրսը՝ քիչ քանակի մարդկանց մասնակցելու դեպքում այդ ռեսուրսի տոկոսային քանակը բարձր կլինի եւ մենք, չմասնակցելով, լեգիտիմացնում ենք այս իշխանությանը: Խնդիրը ոչ միայն քաղաքական է, այլ նաեւ բարոյական, սա արժանապատվությունը վերականգնելու ընտրություններ են»,- ասաց Ստեփան Դանիելյանը:











