«Ռոսգոսստրախ»  ապահովագրական ընկերության աշխատակիցները` 50 հոգի, այսօր` հոկտեմբերի 15-ին, այցելել են Դիլիջանի թիվ 5 մանկապարտեզ եւ իրենց ուժերով վերանորոգման աշխատանքներ են կատարում, այդ թվում`  վերանորոգում են շենքի ներսը, ներկում են պատերը, փոխում են պատուհանները: NEWS.am-ի թղթակիցը Դիլիջանից հայտնում է, որ մանկապարտեզի տարածքում մեծ աժիոտաժ է տիրում, որովհետեւ աշխատակիցները եկել էին իրենց ներկերով, շինարարական հագուստով:

Աշխատակիցները ներկել են նաեւ մանկապարտեզի բակում գտնվող խաղահրապարակը: Մանկապարտեզի վարիչ Կարինե Մանթաշյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինքը 36 տարի է` աշխատում է այդտեղ, տարիներ շարունակ այն չի վերանորոգվել, տեղի ուժերով փորձել են ինչ-որ բան անել, սակայն ընդհանուր առմամբ` ոչինչ չի արվել: Նրանք շնորհակալ են «Ռոսգոստրախից», որ եկան եւ օգնեցին:

Նշենք, որ մանկապարտեզը Դիլիջանում գտնվող 6 մանկապարտեզներից ամենափոքրն է, այն գտնվում է զորամասի տարածքում, կառուցվել է մոտ 50 տարի առաջ: Այստեղ այցելում է 23 երեխա, նախատեսված է նաեւ զորամասի սպաների երեխաների համար: Հոկտեմբերի 16-ին կլինի արդեն վերանորոգված մանկապարտեզի բացումը: