Շատերը, կամ քչերը, օգտվելով մեր կենտրոնացվածությունից ԼՂ-ի հարցի եւ ԼՂ-ի կարգավիճակի վրա, դա փորձել են օգտագործել որպես շեղող մանյովր Հայաստանի կարգավիճակը կասկածի տակ դնելու համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց ՔՊ-ի հանրահավաքի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբ այս ամբիոնից խոսում են անկախության եւ ինքնիշխանության մասին, դա են նկատի ունենում: Ինչու նոյեմբերի 9-ից հետո իրադրությունը չի կայունանում, որովհետեւ ոմանք չեն հասել իրենց նպատակին՝ ծնկի բերել Հայաստանը, կասկածի տակ դնել անկախությունը, ինքնիշխանությունն ու պետականությունը:
Հայաստանը ինքնիշխան, հպարտ, հաստատակամ, միասնական ընդգծում է իր մայրաքաղաքը որպես պետականության ամենամեծ սիմվոլ: Ես բոլոր երեւանցիներին կոչ եմ անում, հորդորում եմ, պահանջում եմ սեպտեմբերի 17-ին գնալ ընտրատեղամաս, վերցնել համար 2 քվեաթերթիկը, ոչ միայն հանուն վերելակի, հանուն ավտոբուսի, հանուն բակի, հանուն զբոսայգի, մանկապարտեզի, դպրոցի, այլ այն գիտակցությամբ, որ այդ մանկապարտեզում ու դպրոցում կոփվում է Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը»,-հայտարարեց նա:











