Իտալիայի մայրաքաղաք Հռոմում  ցուցարարների եւ ոստիկանների հետ բախման արդյունքում 70  մարդ տուժել է, այդ թվում` ոստիկանության աշխատակիցներ: Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, ցուցարարների ընդհանուր թիվը հասել է 200 հազար մարդու:«Ինտերֆաքսի» տվյալներով` սկզբում ցույցը խաղաղ բնույթ է կրել, սակայն  խաղաղ երթը ձախողել են արմատական խմբավորման նարկայացուցիչները:

Ուլտրաարմատական ծայրահեղականների  դիմակավորված մի խումբ  այրել է ոստիկանական ավտոբուսներից մեկը եւ սկսել է քարեր նետել ոստիկանների ուղղությամբ: Վերջիններս ստիպված են եղել արցունքաբեր գազի եւ ջրացան մեքենանարի օգնությանը դիմել: Տուժել է պաշտպանության նախարարության շենքը, որի վրա դյուրավառ հեղուկով շիշ են նետել, ինչպես նաեւ խանութներ, ավտոմեքենաներ: 

Ահաբեկված խաղաղ ցուցարարները ցրվել են: Ուշագրավ է, որ նրանք ողջունել են ոստիկանության գործողությունները  եւ անգամ փորձել են օգնել կանգնեցնել չարագործներին:Նշենք, որ երթը կազմակերպվել է Իտալիայի կողմից վարվող տնտեսական քաղաքականության դեմ: