Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում բնակչությանը կոչ է անում սոցցանցերում և հեռախոսային խոսակցություններում չքննարկել երկրի անվտանգությանն ու բանակին առնչվող հարցեր։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Շփման գծում իրադրության փոփոխության դեպքում Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն անմիջապես կտեղեկացնի հանրությանը: Հորդորում ենք սոցիալական ցանցերում և հեռախոսային խոսակցություններում չքննարկել երկրի անվտանգությանն ու բանակին վերաբերող հարցեր, քանի որ դրանով դուք կարող եք վնասել Արցախի Հանրապետության պաշտպանունակությանը:

Կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- ասվում է հայտարարությունում:

Ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարարությունն էր հայտարարություն տարածել, որում նշում էր, որ Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացվող տեղաշարժերի և կուտակումների հետ կապված Արցախի Հանրապետության բնակչության շրջանում նկատվում են որոշակի տագնապային տրամադրություններ։

«Այդ առնչությամբ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության ՊԲ֊ն իրականացնում է իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և որևէ էական զարգացման դեպքում անհապաղ իրազեկում է հանրությանը։

Ներկայումս ձևավորված իրավիճակում չստուգված տեղեկությունների տարածումը որևէ կերպ չի նպաստում մեր երկրի պաշտպանունակությանը։ Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ խուճապային տրամադրությունների ձևավորման հարցում նախևառաջ շահագրգռված են թշնամական հատուկ ծառայությունները։ Հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին»,- ասվում էր հայտարարությունում։