Հասկանալի է, որ Հռոմի ստատուտը վավերացվում է ոչ թե Ռուսաստանի Դաշնության դեմ, այլ Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական կողմից կատարված ռազմական հանցագործությունների պատճառով։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Ինչ վերաբերում է Հռոմի ստատուտին, որպես իրազեկ անձ կարող եմ ասել, որ այդ հարցով առաջարկ է արվել Ռուսաստանի Դաշնությանը, հանդիպում է եղել, գործընթացն ընթացքի մեջ է։ Հասկանալի է, որ Հռոմի ստատուտը վավերացվում է ոչ թե Ռուսաստանի Դաշնության դեմ, այլ Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական կողմից կատարված ռազմական հանցագործությունների պատճառով։ Դրան քաջատեղյակ են մեր ռուս գործընկերները։ Այս գործերը պետք է դառնան միջազգային քրեական հետապնդման առարկա»,- ասել է նա։
Էդմոն Մարուքյանը նաև մեկնաբանել է Մոսկվայի դժգոհությունը Հայաստանի վարչապետի տիկնոջ՝ Ուկրաինա կատարած այցի և հայ-ամերիկյան զորավարժությունների առնչությամբ։
«Բողոքի ցանկացած նոտայի ԱԳՆ-ն կարձագանքի համապատասխան ընթացակարգերին համապատասխան։ Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան զորավարժություններին, ապա դրանք տեղի են ունենում խաղաղապահ առաքելության շրջանակներում։ Առաջին անգամ դրանք անցկացվել են 2011 թվականին, բայց նույնիսկ այն ժամանակ հարցեր չեն եղել։ Սրանք առաջին զորավարժությունները չեն, մշտական են և անցկացվում են խաղաղապահ առաքելությունների շրջանակներում, որոնց մասնակցում է մեր երկիրը»,- նշել է Էդմոն Մարուքյանը։





























