Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ այցելել է Երեւանի Հյուսիսային պողոտա, որտեղ տոնի կապակցությամբ կազմակերպվել է գյուղատնտեսական ապրանքների տոնավաճառ-համտես: Վարչապետը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ շրջել է հանրապետության բոլոր մարզերի եւ Արցախի գյուղացիական տնտեսությունների եւ վերամշակող կազմակերպությունների տաղավարներով՝ ծանոթացել վերջիններիս ներկայացրած գյուղատնտեսական արտադրանքին:
Լրագրողների հետ զրույցում Տիգրան Սարգսյանը նշել է, որ նման միջոցառումների անցկացմամբ կառավարության նպատակն է քաղաքացիներին լավագույնս ծանոթացնել տեղական արտադրանքին, որպեսզի նրանք այսուհետ նախապատվությունը տան միայն որակյալ հայկական գյուղատնտեսական ապրանքներին: «Այստեղ այսօր համայնքների միջեւ տիրում է առողջ մրցակցություն՝ տոնավաճառ այցելած քաղաքացիներին լավագույնս հյուրասիրելու առումով: Ցանկանում ենք, որպեսզի ողջ հանարապետությունում լինի տոնական տրամադրություն եւ, կարծես թե, դա ստացվել է: Մեր նպատակն է գյուղացիների համար ստեղծել հնարավորություն՝ առանց միջնորդների իրենց ապրանքները շաբաթ եւ կիրակի օրերին Երեւանում վաճառելու համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը` շնորհավորելով բոլորին օրվա կապակցությամբ:
ՀՀ կառավարության որոշմամբ` յուրաքանչյուր տարի հոկտեմբեր ամսվա երրորդ կիրակի օրն այսուհետ նշվելու է որպես «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության աշխատողի օր»: Այս կապակցությամբ մայրաքաղաքում եւ Հայաստանի մարզերում այսօր անցկացվում են տարբեր միջոցառումներ:






























