Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYMEX) պղնձի գները վերջին երկու շաբաթվա մեջ հասել են ամենաբարձր մակարդակին: Այդ մասին հաղորդում է Wall Street Journal-ը` վկայակոչելով Dow Jones-ի տվյալները:
Վերջին շրջանում NYMEX-ում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 4%-ով եւ հասել ֆունտի դիմաց 3,41 դոլարի (7514 դոլար` տոննայի համար):
Սկզբում պղնձային ֆյուչերսների վրա բացասաբար էին ազդել եվրագոտու պետպարտքի ռիսկերը, սակայն ուրբաթ գները կտրուկ բարձրացել են` ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի` մանրածախ առեւտրի ծավալների աճի վերաբերյալ հայտարարության շնորհիվ, ինչն ազդանշան է ամերիկյան տնտեսության ակտիվության պահպանման մասին:
Բացի այդ, երկու օր առաջ, ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, Չինաստանում պղնձի ներմուծումը ռեկորդային ցուցանիշի է հասել վերջին 16 ամսվա ընթացքում, ինչը պայմանավորված էր ցածր գներով եւ կուտակված պաշարների սպառմամբ: Օգոստոսի համեմատ ներմուծումն ավելացել է 12%-ով եւ կազմել 380,5 հազ. տոննա:
Բացի այդ, գների վրա ազդել է նաեւ եվրոյի նկատմամբ դոլարի փոխարժեքի աճը:




























