Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր   Աբդոլահիանը իրանական արաբալեզու Al-Wefaq թերթին տված հարցազրույցում ասել է, որ Իրանը թույլ չի տա սահմանափակել կամ փակել իր պատմական ճանապարհն այս տարածաշրջանում, որը Իրանը կապում է Հայաստանի հետ, հայտնում է ԻՐՆԱ-ն։

Այսկերպ նա մեկնաբանել է «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցը։

«Դիմադրության առանցքի» աջակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունն է, և Թեհրանը ձգտում է իր ներդրումն ունենալ տարածաշրջանային կայունության  ու անվտանգության գործում: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։

Հարցազրույցում նա նշել է նաև, որ թեև Իրանը համագործակցում է Արևելքի և Արևմուտքի երկրների հետ՝ պաշտպանելու իր ազգային շահերը, սակայն   վարում է «ոչ Արևելքի, ոչ Արևմուտքի» քաղաքականություն՝ իր անկախությունը պահպանելու համար։

Իրանի արտգործնախարարը «Դիմադրության առանցքը» անվանել է   արտաքին քաղաքականության կարևորագույն կողմերից մեկը։

Ամիր Աբդոլահիանը նշել է, որ որոշ արաբական երկրներ կարգավորել են իրենց հարաբերությունները Իսրայելի հետ, սակայն այս քայլը ստիպել է ռեժիմին անտեսել այդ երկրների ինքնիշխանությունը։

«Մեր անվտանգության մարմինների տրամադրության տակ  մանրամասն փաստաթղթեր կան այն մասին, որ սիոնիստական ​​ռեժիմը անտեսում է այդ երկրների ինքնիշխանությունը և առանց նրանց իմացության գործողություններ է ձեռնարկում տարածաշրջանի անվտանգության դեմ»,- ասել է նա։

«Ուստի կարծելը, թե սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը օգուտ կբերի իսլամական աշխարհին և տարածաշրջանի երկրներին, հեռու է իրականությունից»,- հավելել է իրանցի նախարարը։

Ամիր Աբդոլահիանը հստակ հասկացրել է, որ եթե նույնիսկ մի օր բոլոր արաբական և իսլամական երկրները փորձեն կարգավորել իրենց հարաբերությունները «կեղծ և ագրեսիվ սիոնիստական ​​ռեժիմի» հետ, Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հրաժարվի տարածաշրջանում դիմադրությունը պաշտպանելու իր սկզբունքից:

««Դիմադրության առանցքին» աջակցելը՝ նշանակում է երաշխավորել այն տարածաշրջանը, որտեղ մենք՝ որպես Իրան, ապրում ենք»,- ասել է նա։

Իրանի արտգործնախարարն իր հարցազրույցում անդրադարձել է նաև Սիրիայի խնդրին։ Նա հայտարարել է, որ արաբական երկրների, իսլամական պետությունների և տարածաշրջանի ղեկավարները լավ են հասկանում Սիրիայի դիրքորոշումը։

«Սիրիան այն երկիր չէ, որին կարելի է դուրս թողնել տարածաշրջանային հավասարումներից»,- ընդգծել է Ամիր Աբդոլահիանը։

«Սիրիայի և Թուրքիայի միջև համատեղ սահմանների անվտանգության հարցի վերաբերյալ  Ամիր Աբդոլահիանն ասել է, որ Իսլամական Հանրապետությունը շարունակում է խորհրդակցությունները թուրք եղբայրների հետ՝ ուղիներ գտնելու և՛ Թուրքիայի մտահոգությունները լուծելու, և՛ Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար»,- տեղեկացնում է լրատվամիջոցը։