Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն առաջարկել է, որպեսզի  Մոսկվան և Թեհրանը որպես անվտանգության երաշխավորներ հանդես գան  Սիրիայի և Թուրքիայի միջև։

Ըստ նրա, Սիրիայի հետ կապված հարցերից մեկը սիրիա-թուրքական սահմանի անվտանգության խնդիրն է։

Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների մակարդակով Մոսկվայում քառակողմ ձևաչափով վերջին հանդիպմանը Թեհրանն առաջարկել է Սիրիային և Թուրքիային ինքնուրույն պայմանավորվել Սիրիայի տարածքից թուրքական զորքերի դուրսբերման մասին։

Նրա կարծիքով, այս դեպքում Թուրքիան պետք է դուրս բերի իր զինված ուժերը Սիրիայից, Դամասկոսը պետք է իր զորքերը տեղակայի սահմանին՝ թուրքական կողմի վրա հարձակումը բացառելու նպատակով։ Իրանն ու Ռուսաստանը պետք է երկու կողմերի համար հանդես գան որպես երաշխավոր։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Անկարան շարունակում է բանակցությունները Ռուսաստանի և Իրանի հետ՝ Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։

Նրա խոսքով, թուրքական կողմը Սիրիայի կառավարության կողմից կոնկրետ միջոցներ է ակնկալում սիրիացի փախստականներին Թուրքիայից իրենց հայրենիք անվտանգ վերադարձի և Թուրքիա փախստականների նոր ալիքները կանխելու համար։