Երևանի ավագանու ընտրությունները անցան ազատ և արդար մթնոլորտում, այս մասին հայտարարել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
«Սիրելի երևանցիներ, չնայած բազմաթիվ կասկածների և անհիմն մեղադրանքների՝ կապված վարչական ռեսուրսի չարաշահումից ընդհուպ մինչև ընտրակեղծիքներ՝ Երևանի ավագանու ընտրությունները անցան ազատ և արդար մթնոլորտում: Քաղաքական ուժերից որևէ մեկին չի հաջողվել միայնակ մեծամասնություն ձևավորել Երևանի ավագանիում: Անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերի՝ առաջիկայում կայացվելիք որոշումներից է նաև կախված լինելու Երևանի և Հայաստանի ապագան»,- Facebook-ում գրել է նա։
ՔՊ-ականը շնորհակալություն է հայտնել իրենց օգտին տրված յուրաքանչյուր քվեի և ընտրություններին մասնակցելու համար:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների նախնական տվյալներով Երեւանի ավագանի են անցնում 5 քաղաքական ուժեր՝ ՔՊ-ն (32,57 տոկոս), «Ազգային առաջընթացը» (18,89 տոկոս), «Մայր Հայաստան» դաշինքը (15,43 տոկոս), «Հանրապետությունը» (11,32 տոկոս) եւ «Հանրային ձայնը» (9,68 տոկոս):
Նշենք, որ եթե ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալները չփոփոխվեն, ավագանու մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ․
«Քաղաքացիական պայմանագիր» - 24
«Ազգային առաջընթաց» - 14
«Մայր Հայաստան» - 12
«Հանրապետություն» - 8
«Հանրային ձայն»- 7
Սա նշանակում է, որ որեւէ ուժի չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ձևավորել և քաղաքապետ պետք է ընտրվի կոալիցիոն կառավարմամբ։ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է կոալիցիայի «Մայր Հայաստանի» և «Ազգային առաջընթաց» կուսակցության հետ։ Նա նշել է՝ կողմ է, որ կամ Անդրանիկ Թևանյանը կամ Հայկ Մարությանը դառնան քաղաքապետ, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։
Հայկ Մարությանը մինչ այս պահը որևէ կերպ չի արձագանքել հետընտրական զարգացումներին։





























