Նոր ընտրություններ անցկացնելու գաղափարը, կարծում եմ, վատ չէ: Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը։

Նրա խոսքով, հասարակությունը հասկացել է, որ հնարավորություն ունի միջամտելու գործընթացներին:

«Մենք որևէ խնդիր չենք տեսնում. Մեր քայլերն այս դեպքում կլինեն ավելի կոշտ, ավելի ինտենսիվ և արդյունավետ։ Մենք փորձ ենք ձեռք բերել և կարող ենք ավելի արդյունավետ տեխնոլոգիաներ կիրառել»,- նշեց նա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների նախնական տվյալներով Երևանի ավագանի են անցնում 5 քաղաքական ուժեր՝ ՔՊ-ն (32,57 տոկոս), «Ազգային առաջընթացը» (18,89 տոկոս), «Մայր Հայաստան» դաշինքը (15,43 տոկոս), «Հանրապետությունը» (11,32 տոկոս) և «Հանրային ձայնը» (9,68 տոկոս):

Նշենք, որ եթե ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալները չփոփոխվեն, ավագանու մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ․

«Քաղաքացիական պայմանագիր» - 24

«Ազգային առաջընթաց» - 14

«Մայր Հայաստան» - 12

«Հանրապետություն» - 8

«Հանրային ձայն»- 7

Սա նշանակում է, որ որևէ ուժի չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ձևավորել և քաղաքապետ պետք է ընտրվի կոալիցիոն կառավարմամբ։ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է կոալիցիայի «Մայր Հայաստանի» և «Ազգային առաջընթաց» կուսակցության հետ։ Նա նշել է՝ կողմ է, որ կամ Անդրանիկ Թևանյանը կամ Հայկ  Մարությանը դառնան քաղաքապետ, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։

Հայկ Մարությանը մինչ այս պահը որևէ կերպ չի արձագանքել հետընտրական զարգացումներին։