Իրանի իշխանություններն իրենց հայեցողությամբ կօգտագործեն մոտ 6 մլրդ դոլարի չափով իրանական ակտիվները, որոնք ԱՄՆ-ն ապասառեցրել է Հարավային Կորեայում, բանտարկյալների փոխանակման գործարքի շրջանակում։ Այս մասին նշվել է իսլամական հանրապետության ԱԳՆ հայտարարությունում։
«Մեր երկրի ֆինանսական ռեսուրսները Հարավային Կորեայում, որոնք սառեցվել էին ԱՄՆ անօրինական ճնշման պատճառով եւ չէին կարող օգտագործվել երկար տարիներ, ապասառեցվել են եւ փոխանցվել Կատարում մեր երկրի բանկերի հաշվին՝ շնորհիվ ԱԳՆ եւ Կենտրոնական բանկի ջանքերի»,- նշվել է երկուշաբթի երեկոյան Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված հայտարարությունում։ «Հիմա այդ ռեսուրսները հասանելի են Իրանի Իսլամական Հանրապետության ԿԲ-ին եւ կօգտագործվեն իշխանության համապատասխան մարմինների հայեցողությամբ եւ ելնելով երկրի պահանջմունքներից ու առաջնահերթություններից»,- ընդգծել են Իրանի ԱԳՆ-ում։
Թեհրանը ԱՄՆ գործողություններն անվանել է անօրինական եւ անմարդկային։ «Մեր ժողովուրդը երբեք չի մոռանա, որ անգամ կորոնավիրուսի համավարակի թեժ պահին ԱՄՆ այն ժամանակվա վարչակարգը, անտեսելով արտակարգ իրավիճակը առողջապահության ոլորտում եւ հումանիտար խնդիրները, ինչպես նաեւ ՄԱԿ գլխավոր քարտուղարի եւ ՄԱԿ մարդու իրավունքների [վարչության] ներկայացուցիչների բազմակի կոչերը, մեր երկրի համար արգելեց Հարավային Կորեայում ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը»,- ավելացրել են գերատեսչությունում։
Երկուշաբթի տեղի է ունեցել բանտարկյալների փոխանակում Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ «հինգը հինգի դիմաց» ձեւաչափով։ Ազատ արձակված ամերիկացի հինգ քաղաքացիներին տեղափոխող ինքնաթիռը Իրանից թռել է Կատարի մայրաքաղաք, որի իշխանությունները որպես միջնորդ են հանդես եկել Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ բանակցություններում։ Ինքնաթիռում էին նաեւ նախկին բանտարկյալների ընտանիքների երկու անդամներ, որոնց, ինչպես հավաստիացրել է ԱՄՆ վարչակազմը, արգելված էր հեռանալ իսլամական հանրապետությունից։





























