Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը սրտի ցավով է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին լուրը՝ աղոթելով առ Աստված, որ Ղարաբաղում խաղաղություն հաստատվի, և նրա բոլոր բնակիչները կարողանան ազատ ապրել և հավատալ իրենց անվտանգությանը։ Այս մասին ասվում է պատրիարքական հայտարարությունում, որը հրապարակվել է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին գործերի եկեղեցական հարաբերությունների վարչության կայքում։
«Սրտի ցավով ստացա Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման, վերստին բորբոքված առճակատման առաջին զոհերի մասին լուրերը։ Տասնամյակներ շարունակ Ռուս ուղղափառ եկեղեցին Ադրբեջանի և Հայաստանի հոգևոր առաջնորդների հետ միասին բոլոր ջանքերը գործադրում է խաղաղությունը վերականգնելու համար այս օրհնված հողում՝ նպաստելով երկու հարևան պետությունների կրոնական համայնքների և ժողովուրդների միջև երկխոսությանը։ Մեզ հաջողվեց շատ բանի հասնել և, առաջին հերթին, թույլ չտալ, որ հակամարտությունը վերածվի կրոնականի»,- ասվում է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների վարչության կայքում։
Կիրիլ Պատրիարքը նշել է, որ աղոթում է առ Աստված, որ «որքան հնարավոր է շուտ ռազմական գործողությունները զիջեն բանակցություններին, և խաղաղություն հաստատվի Լեռնային Ղարաբաղի հողում, որտեղ բոլոր բնակիչները, անկախ նրանից, թե ինչ ազգության կամ կրոնի են պատկանում, կապրեն ապահով և ազատ, օրինական կերպով դավանելով իրենց նախնիների հավատքը»։





























