Ինչպես եւ սպասվում էր, Ադրբեջանը գործարկեց խորվաթական «Մրրիկ» գործողության սեփական տարբերակը, ըստ երեւույթին հայաբնակ Ղարաբաղը լիովին վերադարձնելու նպատակով։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի գծով փորձագետ Լոուրենս Բրոերսը։
«Տեղեկացվում է Ստեփանակերտի եւ այլ վայրերի թիրախներին դրոնների եւ հրետանու հարվածների մասին։
Այս հարձակումը հաջորդել է տարածքի 9-ամսյա շրջափակմանը։ Շրջափակման դաժանությունն ուժեղացել է հունիսի կեսից։ Ղարաբաղի հայ բնակչությունը ֆիզիկապես թուլացել է, չեն բավականացնում պարենն ու դեղորայքը, վառելիքը շտապօգնության մեքենաների տեղաշարժի համար։
Հումանիտար հետեւանքները դժվար է կանխատեսել, քանի որ դրանք կախված են մարտական գործողությունների մասշտաբներից, բայց դրանք ահավոր կլինեն ցանկացած սցենարի դեպքում»։




























