ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր` հոկտեմբերի 17-ին, ընդունել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյին: NEWS.am-ին ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ երկկողմ քննարկմանը հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում ԱԱԽ աշխատակազմի ներկայացուցիչների եւ Լեհաստանի Հանրապետության պատվիրակության մասնակցությամբ: Ստանիսլավ Կոզիեյը իր գոհունակությունն է հայտնել երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման դինամիկ տեմպերի կապակցությամբ եւ համոզմունք հայտնել, որ հայ-լեհական համագործակցությունը այսուհետ եւս վերելք է ապրելու:
Արթուր Բաղդասարյանը նախորդ տարվա ձեռքբերումներից կարեւորել է երկու երկրների պաշտպանության եւ ոստիկանության կառույցների միջեւ կնքված համագործակցության համաձայնագրերը, Հայաստանում բիոմետրիկ անձնագրերի ներդրման, ինչպես նաեւ թունաքիմիկատների վերամշակման ծրագրերում Լեհաստանի հետ արդյունավետ համագործակցության փաստը: Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել մի շարք կոնկրետ պայմանավորվածություններ: Մասնավորապես, որոշվել է շարունակել միջպետական պայմանագրերի իրականացման գործընթացի պարբերական մոնիտորինգների փոխանակությունները, հայ-լեհական երկկողմ կոնֆերանսի կազմակերպման հարցը: Կողմերը համաձայնությամբ կձեւավորվի նաեւ ԵՄ-ի հետ ինտեգրման եւ Արեւելյան Գործընկերության նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության եւ Լեհաստանի Հանրապետության միջեւ համագործակցության օրակարգը, որտեղ կնախանշվեն Հայաստանում ԵՄ-ի չափորոշիչներին ներդաշնակ բարեփոխումների գործընթացում Լեհաստանի աջակցության հնարավոր մեխանիզմները:




























