Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության դիմաց բողոքի ակցիա է իրականացվում, որի մասնակիցները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչպես նաեւ կոչ են անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախությունը:

Նրանց ձեռքին կան Հայաստանի ու Արցախի դրոշներ, ինչպես նաեւ պաստառներ. «Արցախը Հայաստան է», «Նիկոլ հողատու», «Նիկոլ հեռացիր», «Հայերն ասում են՝ ոչ Ռուսաստանին, այո ԱՄՆ-ին», «Կանգնիր հանուն Արցախի»:

Ակցիայի մասնակիցներից Դավիթ Մնացականյանը հայտարարեց. «Հայաստանի իշխանություններն իրենց դավաճան քայլերով հայտարարում են, որ Հայաստանին փորձում են ներքաշել պատերազմի մեջ: Էդ երբվանի՞ց են Հայաստանին ներքաշում պատերազմի մեջ, երբ մենք խոսում ենք Արցախի մասին: Արցխը մեր հայրենիքի մի մասն է, Արցախի բնակիչները նույնն են, ինչպես Գեղարքունիքի, Սյունիքի եւ մյուս մարզերի բնակիչները:  Մենք ունենք հստակ պահանջ, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա:

Այս պահին պետք է Հայաստանի բոլոր ռեսուրսները պետք է ուղղվեն, թե զենքի, թե զինված ուժերի Արցախի պաշտպանության համար: Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է դա անել: Մենք պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Մենք չենք ապրում Հայաստանում, բայց սիրում ենք մեր հայրենիքը եւ հայրենիքի համար պայքար ենք տանում: Ժամանակը եկել է, դուք պետք է հեռանաս»:

Նա տեղեկացրեց, որ հայերը տարբեր նահանգներում նմանատիպ ակցիաներ են նախաձեռնել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի վրա։ Ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհվել է 27, վիրավորվել՝ 200 մարդ։ Հազարավոր քաղաքացիներ երեկ հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ և պատասխան էին պահանջում ՀՀ իշխանություններից։

Բաքվում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը ոչնչացնելու գործողություններն անվանել են «տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառում»։