Թուրքիայի խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Ալթան Թանը Ստամբուլի հայկական «Ակոս» թերթին տված հարցազրույցում կրկնել է օրեր առաջ Մարդինի Արթուքլու համալսարանում կազմակերպված միջազգային գիտաժողովի ընթացքում արած իր հայտարարությունը։
Հայկական «Ակոս» թերթին տված հարցազրույցում Ալթան Թանը պնդել է, որ 1915-ին հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության մեջ դեր են ունեցել նաեւ քրդերն ու մահմեդակաները։ «Սակայն ցեղասպանության ժամանակ բոլոր քրդերը չէ, որ ձեռքները սուր են վերցրել, սակայն քուրդ լիդերներն ունեցել են մեղքի լուրջ բաժին»,-ասել է պատգամավորը՝ քննադատելով նաեւ իսլամական հատվածի վերաբերմունքը Հայոց ցեղասպանության ժխտման հարցում։
Նշենք, որ ավելի վաղ Ալթան Թանը նշել էր, թե ինքը որպես քաղաքական գործիչ 1915-ին հայերի դեմ իրականացվածը բնութագրում է որպես ցեղասպանություն: Ալթանն Թանը շեշտել է, թե կան պատճառաբանություններ, թե տեղահանման ժամանակ ճանապարհին մի մասը մահացել է հիվանդություններից, մի մասին սպանել են ավազակները եւ այլն: «Հիմա ես որպես խիղճ ունեցող մարդ եմ խոսում: Թե ինչ պայմաններում կոտորվեցին այդ մարդիկ, կարեւոր չէ: Հետեւանքն այն է, որ հայ ժողովուրդը ոչնչացվեց:
Դրա ապացույցը նաեւ այսօր մեր աշխարհագրական տարածքի ժողովրդագրությունն է: Այն ժամանակ 13 մլն բնակչություն ունեցող երկրի 1,2 մլն-ը հայեր էին: Այսինքն՝ հայերը կազմում էին բնակչության 10 տոկոսը: Հիմա բնակչության թիվը 75 մլն է, իսկ հայերն ընդամենը 40 հազար են: Հետեւանքը սա է»,-ասել էր Ալթան Թանը:




























