Ընտանիքդ սեւազգեստ դառնա, էս նույն վիճակը քո տան մեջ լինի, եթե Արցախը դժգույն է, քո տունն էլ դժգույն դառնա, քո տունն էլ՝ դժբախտավոր, լսա՞ր, տականք Նիկոլ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց մի արցախցի կին՝ հավելելով, որ մինչեւ հիմա Արցախում գտնվող իր երեխաներից տեղեկություն չուն, զանգերին էլ չեն պատասխանում:
«Երեխեքիցս նորություն չունեմ, հորիցս, մորիցս: Մարտակերի Առաջաձորից ենք: Հորս երկու ոտքը չկա, 1992 թվի պատերազմից վիրավոր է, նա ո՞նց պետք է փախչի: Ես տեղյակ եմ, որ Արցախի Խաչենը պայթեցրել են: Մեկն ասում է՝ ոտքով գալիս են Ստեփանակերտ, 60 կմ հեռավորություն է, մեկն ասում է՝ գյուղը վերցրել են: Գյուղը 8 զոհ ունի, բայց չգիտեմ դրանց մեջ ով կա:
Վաղը նույնը երեւանցիներին է լինելու, բայց երեւանցիներ, ամոթ ձեզ, ես ձեզ նման չեմ, ես էլի գալու եմ Սյունիքի համար եմ կանգնելու, Երեւանի համար էլի գալու եմ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը առավոտյան հայտարարել է, որ մեծ հանրահավաք է տեղի ունենալու այսօր երեկոյան ժամը 19-ին, իսկ մինչ այդ դասադուլի ու գործադուլի կոչ է արել:











