Երկու եղբայրներիս, քրոջս ընտանիքները, թոռնիկս իր երեք երեխաներով, կնոջս եղբայրը, իմ ամբողջ ազգուտակը Արցախում է՝ Ճարտար գյուղում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, ծնունդով Արցախի Ճարտար գյուղից Համլետ Հարությունյանը:
«Հենց նոր լուր ստացանք, որ ազգի տղաներից մեկը, մեր հարեւանը երեք հոգով զոհվել են: Չեն կարողանում դուրս գալ, Ստեփանակերտի ճանապարհը փակ է, Մարտունին, Ճարտարը, մնացածը, օղակի մեջ են: Ոչ տրանսպորտ կա, ոչ լույս կա, ոչ գազ կա: Ասկերանը մոտիկ է, նրանց գյուղերից ոտքով էլ են գնում օդանավակայան, ռուսների բազա, իսկ մեզ մոտից ոտքով հնարավոր չի, բավականին հեռու է»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ Ճարտարում ադրբեջանցիներ չկան։ «Որ մասը գրավել են, գրավել են, բայց որքան կապ ենք հաստատել, Ճարտարում ադրբեջանցիներ չկան: Բայց զոհեր շատ ունենք: Էնտեղ բոլորը մեր հարազատներն են, մի զինվոր չկա, որ մեզ հարազատ չլինի»,– ասաց նա:
Համլետ Հարությունյանի խոսքով, նախնական տվյալով, Մարտունու շրջանից 22 զոհ կա:
Դիտարկմանը՝ արդյոք բնակիչները դուրս կգան Արցախից, նա արձագանքեց. «Չեմ կարող ասել: Համենայնդեպս, ադրբեջանցիների նպատակը դա է: Դուրս գան, բայց ի՞նչ պայմաններով: Անգամ եթե ցանկանան դուրս գալ, ինչպե՞ս դուրս գալ, այդ մեխանիզմները չկան, բոլոր ճանապարհները փակ են: Թուրքերը հումանիտար միջանցք չեն տալիս: Սովորաբար, նման վիճակում հումանիտար միջանցք են տալիս, բայց հիմա իրենք ոչ մի նման միջանցքի մասին չեն խոսում»:





























