Շուրջ 3 տասնյակ քաղաքական ուժեր ՀՅԴ գրասենյակում մասնակցել են խորհրդակցությանը, ծավալուն քննարկում է եղել ստեղծված իրավիճցակից դւրս գալու ճանապարհային քարտեզի շուրջ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Առնվազն երկու հարցում եղել է շատ հստակ փոխըմբռնում. Մեկը, որ պետք է ստեղծվի մեկ համակարգող մարմին՝ Ազգային խորհուրդ, կոմիտե, որը համակարգի ամբողջ աշխատանքները, մնացան արդեն հանրահավաքում կասեմ»,-ասաց նա՝ չցանկանալով մանրամասներ նշել:
Հարցին՝ ընդդիմության առաջնորդը հիմա Անդրանիկ Թեւանյա՞նն է, պատգամավորը պատասխանեց. «Մենք այստեղ չենք հավաքվել ընդդիմության առաջնորդ ընտրելու, հավաքվել ենք այստեղ ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ գտնելու: Կան որոշակի քայլեր, գործողություններ, որ համաձայնեցված են, հանրահավաքին կհնչեցվեն»:
Հարցին, թե արդյո՞ք չեն ուշացել, նա ասաց. «Մենք երեք տարի ենք ուշացել: Եթե այն, ինչ արել ենք, արած չլինեինք, վաղուց Արցախը տրված կլիներ: Ուժերը չի բավարարել, չենք կարողացել, հիմա եկել, հասել ենք այս օրվան»:











