Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջը միացել է ընդդեմ «ֆինանսական ահաբեկչության» ակցիային: Ինչպես հայտնում է «Վեստին», հայտնի լրագրողը հանդես է եկել Լոնդոնում ֆինանսական ահաբեկչության մասին ելույթով, խոսել բանկային ոլորտում կոռուպցիայի մասին: Նրա ելույթից անմիջապես հետո բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են ներխուժել ֆոնդային բորսայի շենք: Ոստիկանությունը հազիվ դիմագրավել է բազմության գրոհը:
Գերմանիայում ցույցեր են եղել Հանովերում, Ֆրանկֆուրտում, Մյունխենում: Բեռլինում բազմահազարանոց ակցիան վերաճել է անկարգությունների, ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել:
«Գրավիր Ուոլլ-Սթրիթը» ակցիան, որ սկսվել է Միացյալ Նահանգներում, ռեկորդային տեմպերով նորանոր երկրներ է գրավում: Գերմանիան, Արգենտինան, Մեծ Բրիտանիան, Չիլին կարգախոսը փոխարինել են «Գրավենք միասին» արտահայտությամբ: Լրատվամիջոցներն այս ակցիան ամենալայնածավալն են համարում:




























