Երեւանի քաղաքապետն այսօր` հոկտեմբերի 17-ին, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով ձմռան նախապատրաստական աշխատանքներին, վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է արագացնել աղի ու ավազի կուտակման, ինչպես նաեւ համապատասխան մեքենամեխանիզմների վերազինման հետ կապված աշխատանքները:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կոմունալ տնտեսության վարչության պետը ներկայացրել է Երեւանի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերում իրականացված ձմռան նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Զեկուցվել է, որ արդեն կատարվել է 13.903 գծմ ջրթափ խողովակների նորոգում, ջերմամեկուսացվել է 2200 գծմ խողովակ, ապակեպատվել 9136 քմ տարածք, 480 մուտքերում տեղադրվել են նոր դռներ:
Աղբահանության պայմանագրերի կնքնման եւ հավաքագրման ընթացիկ աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ օգոստոսի համեմատությամբ հավաքագրման աճը սեպտեմբերին կազմել է 8.7 տոկոս:
«Յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա իր փոքր կենտրոնը` հրապարակով, ժամանցային եւ մշակութային կենտրոններով եւ սպասարկման այլ կետերով: Այդպիսով մենք թե կընդալայնենք Կենտրոն հասկացությունը, եւ թե կնպաստենք մայրաքաղաքում նոր գրավիչ վայրի ձեւավորմանը»-նշել է քաղաքապետ Կարեն Կարապետյանը:




























