Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` հոկտեմբերի 17-ին, ընդունել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզեին:

ԱԳ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ, ողջունելով հյուրին, Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշել է հայ-լեհական  բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը եւ վերջին տարիներին հաճախակի դարձած երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունները: Նախարարը առանձնացրել է հուլիսին Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու պաշտոնական այցը Հայաստան եւ կարեւորել նախագահ Սերժ Սարգսյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

Ստանիսլավ Կոզեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է իր այցելության նպատակը՝ Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի հետ փոխգործակցության ընդլայնումը, ինչն առավել կհարստացնի երկու երկրների բազմաբովանդակ համագործակցությունը: 

Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստան-ԵՄ համագործակցությանը` մասնավորապես Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ընթացող գործընթացներին: Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Լեհաստանի դերը որպես Եվրոպական միության նախագահող երկիր:

Հյուրի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ս.Կոզեն նշեց, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: