Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանն այսօր` հոկտեմբերի 17-ին, անփոփոխ է թողել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով 6 անձինք մեղավոր էին ճանաչվել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ապօրինի իրացնելու մեջ եւ դատապարտել  ազատազրկման:

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դատարանը հիմնավոր է համարել ապացույցներն առ այն, որ  Մոստաֆա Ադվաին, Էբրահիմ Աշրաֆյանը, Ջամալ Յուսեֆի Խալկանի Թազեհկանդը Թուրքիայից մաքսանենգությամբ Հայաստան առանձնապես խոշոր չափերի «Ափիոն» եւ «Հերոին» տեսակների թմրամիջոցների ապօրինի փոխադրելու, իրացնելու նպատակով, ինչպես նաեւ այլ պետություն փոխադրելու վերաբերյալ ԻԻՀ-ում նախնական պայմանավորվածությամբ կազմակերպել են կայուն խումբ:

Պայմանավորվածության համաձայն, համապատասխան դերաբաշխմամբ, ԻԻՀ քաղաքացիներ Հոսեին Խալեկանի Թազեհկանդը 2010թ. հունվարի 31-ին, իսկ Մոստաֆա Ադվաին, Էբրահիմ Աշրաֆյանը եւ Ջամալ Խալկանի Թազեհկանդը 2010թ. փետրվարի 7-ին Մեղրիի սահմանային կետով Իրանից ժամանել են Երեւան: Հոսեին Մոհամմադ Ամին  Խալեկանի Թազեհկանդի կողմից «Ափիոն» տեսակի թմրամիջոցը Հայաստանի Հանրապետությունում ստանալու եւ ապօրինի իրացնելու, իսկ Մոստաֆա Հասսանի Ադվաիի, Էբրահիմ Սոլեյմանի Աշրաֆյանի  եւ Ջամալ Յուսեֆի Խալկանի Թազեհկանդի կողմից   «Հերոին» տեսակի թմրամիջոցը  Հայաստանի Հանրապետությունում ստանալու, իրացնելու նպատակով այլ պետություն փոխադրելու մասին պայմանավորվածության համաձայն` վաղօրոք` 2010թ. փետրվարի 7-ին, գնացել են Արարատի մարզի Նոյակերտ գյուղի ՀՀ պետական սահմանին հարակից տարածք, ծանոթացել տեղանքին, ուսումնասիրել այն վայրը, որտեղից իրենց պետք է փոխանցվեր թմրանյութը:

Թմրամիջոցները ստանալու եւ իրացնելու նպատակով 2010թ. փետրվարի 8-ին` ժամը 20:00-ի սահմաններում ԻԻՀ քաղաքացի Հոսեին Մոհամմադ Ամին Խալեկանի Թազեհկանդը ազգությամբ հայ Հ. Գրիգորյանի ավտոմեքենայով եւ Մոստաֆա Հասսանի Ադվաին, Էբրահիմ Սոլեյմանի Աշրաֆյանը Ջամալ Յուսեֆի Խալկանի Թազեհկանդի հանձնարարությամբ Հ. Դավթյանի ավտոմեքենայով  միմյանցից առանձին մեկնել են Արարատի մարզի Նոյակերտ գյուղի մոտ:

Մոստաֆա Հասսանի Ադվաին եւ Հոսեին Մոհամմադ Ամին Խալեկանի Թազեհկանդին հանդիպել են հայ-թուրքական պետական սահմանի փշալարերի մոտ: Այնուհետեւ վերջիններս հանդիպել են հակառակ կողմից փշալարերին մոտեցած Թուրքիայի Հանրապետությունից ժամանած քրեական գործի քննությամբ չպարզված անձանց: Վերջիններիս հետ նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, փշալարի վրայով նետելու միջոցով Հոսեին Մոհամմադ Ամին Խալեկանի Թազեհկանդը ապօրինի իրացնելու նպատակով ձեռք է բերել  եւ պահել առանձնապես խոշոր չափերի` 3820 գրամ հաստատուն քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց: Իսկ  Մոստաֆա Հասսանի Ադվաին եւ Էբրահիմ Սոլեյմանի Աշրաֆյանը այլ պետություն փոխադրելու, ապօրինի իրացնելու նպատակով ապօրինի ձեռք են բերել եւ պահել առանձնապես խոշոր չափերի` 6934.2 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոց, որը պահված է եղել թվով 9 նկարների շրջանակներում:

Քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են նաեւ թմրամիջոցների այլ ապօրինի իրացնողներ: Մասնավորապես պարզվել է, որ  Թամո Քալաշյանը թմրամիջոց է ապօրինի իրացրել Արսեն Մելքոնյանին, Արսեն Մելքոնյանը`  Արթուր Եղիազարյանին, իսկ վերջինս` այլ անձանց:

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Հոսեին Մոհամմադ Ամին Խալեկանի Թազեհկանդին,  Մոստաֆա Հասսանի Ադվաիին եւ Էբրահիմ Սոլեյմանի Աշրաֆյանին 14 տարի ժամկետով՝ նրանց սեփականությունը համարվող ամբողջ գույքի չափով գույքի բռնագրավմամբ, Թամո Ֆայզոյի Քալաշյանին` 13 տարի ժամկետով՝ նրա սեփականությունը համարվող ամբողջ գույքի չափով գույքի բռնագրավմամբ, Արսեն Մելքոնյանին` 11 տարի ժամկետով՝ գույքի կեսի բռնագրավմամբ, Արթուր Եղիազարյանին` 8 տարի ժամկետով՝ գույքի քառորդ մասի բռնագրավմամբ:

2011թ. հոկտեմբերի 17-ին Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը  ուժի մեջ է թողել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը:

2010թ. օգոստոսի 9-ին վերոհիշյալ քրեական գործից ԻԻՀ-ում նախնական պայմանավորվածությամբ կայուն խումբ կազմակերպելու մեջ մեղադրվող Ջամալ Յուսեֆի Խալկանի Թազեհկանդի մասն անջատվել է առանձին վարույթ: Նշենք, որ վերջինիս նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Իսկ 2011թ. ամռանը նա ԻԻՀ իրավապահների կողմից ձերբակալվել է:  Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ «Հանձնման համաձայնագրի»  շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունը նախկինում հարուցված քրեական գործն ուղարկել է Իրան: