Վաշինգտոնում Ադրբեջանին եւ Լեռնային Ղարաբաղին նվիրված մի քանի համաժողովներ են անցկացվել, որոնց նկատմամբ մեծ հետաքրքրություն է ցուցաբերվել փորձագետների, լրագրողների կողմից, քանի որ Հարավային Կովկասի տարածաշրջանը Արեւմուտքի համար կարեւոր է աշխարհագրական դիրքով, էներգետիկ ռեսուրսներով եւ Իրանի հետ հարեւանությամբ: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այդ մասին հոկտեմբերի 17-ին ասել է քաղաքագետ, ԿՀՎ եւ պետքարտուղարության նախկին վերլուծաբան Պոլ Գոբլը` «Ռուսաստան- Ադրբեջան- ԱՄՆ. բազմավեկտոր քաղաքականության համատեքստում» թեմայով տեսակամրջի ժամանակ, որը նվիրվել է հոկտեմբերի 18-ին նշվող Ադրբեջանի անկախության 20-րդ տարեդարձին:
«Կարծում եմ` թե ԱՄՆ-ում, թե Ռուսաստանում պետք է խոստովանեն, որ Հարավային Կովկասը հետաքրքիր է երկու գերտերությունների համար էլ, եւ իրականացնեն շատ նուրբ դիվանaգիտություն` կապված ընդհանուր շահերի հետ, որոնք թելադրված են ինչպես աշխարհագրական դիրքով, այնպես էլ էներգառեսուրսների հարստությամբ»,-ասել է Գոբլը:
Տնտեսությունը Ադրբեջանի աճի միակ պատճառը չէ, դա առաջին հերթին իշխանությունների կուրսի շնորհիվ է, նշել է Գոբլը: Այն փաստը, որ ԱՄՆ-ն այսօր աջակցում է Ադրբեջանին, հաստատվում է երկու երկրների ներկայացուցիների փոխայցերով: Ըստ Գոբլի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դա բոլոր երեք համանախագահող երկրների պաշտոնական դիրքրոշումն է, եւ ղարաբաղյան հակամարտության լուծման ճանապարհը հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումն է: Այսօր Ադրբեջանը տարածաշրջանում առաջատարի դեր ունի, այն կարեւոր խաղացող է, որին ընդունում են շատերը, կարծիք է հայտնել նա:
«Ադրբեջանի դերն աճում է ոչ միայն որպես աշխարհիկ մահմեդական երկրի, այլ որպես տարածաշրջանում միակ հաջող զարագացող պետության»,-ասել է Գոբլը:
Նշենք, որ Պոլ Գոբլը հայտնի է իր ծրագրով, որը նախատեսում էր Լեռնային Ղարաբաղը փոխանակել Մեղրիի հետ: 2008 թ. տեղեկատվություն էր տարածվել, թե Գոբլն աշխատելու է Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում` որպես հետազոտությունների տնօրեն:




























