Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը եւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին միանման են գործում: Այդ մասին Facebook -ի իր էջում գրել է վրացի սկանդալային ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան: Նրա խոսքով` Ռուսաստանում կա «Եդինայա Ռոսիա», Վրաստանում էլ գործում են «Նացիոնալները»:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այնտեղ նախագահ մնալու ոչ նորմալ ցանկություն կա, Վրաստանում էլ միեւնույն պատճառով լսվում է հիստերիա, թափվում են արցունքներ, կոտրվում են մոխրամաններ: Հանգստացեք, դուք առանց այդ էլ ժողովրդից վերցրել եք ամեն ինչ, եւ հիմա, Պուտինի պես, մեզնից խլում եք նախագահ ընտրելու իրավունքը: Մենք 12 տարվա ընթացքում որպես նախագահ ունենալու ենք հիվանդ, ապաշնորհ, կիսադեգեներատ մոլոգարի»,- ռեժիսորի խոսքերն է փոխանցել «Նովոստի Գրուզիան»:
Հիշեցնենք, որ վերջերս Ստուրուան ազատվել էր Ռուսթավելիի անվան Թբիլիսիի պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից: Ռեժիսորն անձամբ չէր կասկածում, որ իշխանությունների հասցեին արված իր արտահայտությունների պատճառով ազատվելու է պաշտոնից: Վրաստանի մշակույթի նախարար Նիկոլոզ Ռուրուան լրագրողներին ասել էր, թե Ստուրուան հեռացվել է պաշտոնից քսենոֆոբիկան արտահայտությունների համար:
Վերջերս իր ստեղծագործական երեկոյի ժամանակ Ստուրուան հայտարարել էր, թե չի ուզում, որ Վրաստանի նախագահ լինի այլ ազգի ներկայացուցիչը»: Նա կցանկանար, որ Վրաստանի նախագահի պաշոտնում վրացի լիներ, ոչ թե հայ, ինչպիսին, ըստ նրա, Սահակաշվիլին է:




























