Վերջին մեկ ամսվա մեջ թուրքական մամուլում ամենաշատ շրջանառվող անուններից մեկը` PKK-ի առաջնորդ Մուրադ Քարայըլանը հարցազրույց է տվել մի ռադիոկայանի:

Firat գործակալության փոխանցմամբ` Աբդուլլահ Օջալանից հետո PKK-ի փաստացի առաջնորդ Մուրադ Քարայըլանը հերքել է թուրքական մամուլում շրջանառված այն լուրերը, թե իբր իրեն Իրանը ձերբակալել եւ բաց թողել: «Այդպիսի բան չկա: Ես իմ ռազմական բազաներից մեկում եմ եւ ոչ մի տեղ չեմ էլ գնացել: Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ ինձ ձերբակալելն այնքան էլ հեշտ չէ»,-ասել է Քարայլանը` շեշտելով, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը քուրդ ժողովրդի դեմ պայքարում անհաջողության է մատնվել:

Նշենք, որ օգոստոսի 13-ին թուրքական լրատվամիջոցները հայտնեցին, թե Իրանի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահը հայտնել էր, թե իրենց հաջողվել է ձերբակալել PKK-ի 2-րդ դեմքին։ Սակայն շատ չանցած իրանական կողմը հերքեց այս տեղեկությունը։

Իսկ օրեր առաջ թուրքական Yenisafak-ը գրել էր, թե Իրանը ձերբակալել է Մուրադ Քարայլըանին եւ նրա հետ բանակցություններից հետո ազատ արձակել։