ՀՀ առողջապահության նախարարության դիմաց սպիտկ խալաթներով բողոքի ակցիայի ժամանակ ընթերցվեց կոչ ուղղված բոլոր բուժաշխատողներին՝ անտարբեր չլինել Արցախում տիրող իրավիճակի նկատմամբ, ցուցաբերել դիրքորոշում մասնագիտական գործունեությամբ:
«Ստեղծել բուժաշխատողների գործունեության կամարտահայտության միասնական հարթակ եւ համատեղ միջոցառումներ ձեռնարկել այս ողբերգական իրավիճակում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին սատար կանգնելու համար: Դիմում ենք ԱՆ-ին, լսեք հայրենի պաշտոնյաներ, որպես առողջապահության ոլորտի պետական քաղաքականություն մշակող եւ իրականացնող, այս վիճակում պարտավոր եք գործել արտակարգ իրավիճակի ռեժիմով: Ունենք առաջարկ–պահանջ` Արցախից բռնի տեղահանվածներին բուժօգնություն տրամադրելու համար Կոռնիձորում ստեղծել դաշտային ճամբարներ»,– ասված է կոչում:
Բուժաշխատողները պահանջում են նաև ստեղծել տեղահանված վիրավորների, հիվանդների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարան։ «Գնահատել Արցախից տեղահանված մեր հայրենակիցների բուժօգնության հետ կապված առողջապհական բեռը, կազմակերպել խրոնիկական հիվանդություններ ունեցող անձանց, թերսնուցումով տառապող երեխաների շարունակական բուժօգնությունը: Կազմակերպել Արցախից տեղահանված բուժաշխատողների էլեկտրոնային հաշվագրում եւ սկսել նրանց աշխատատեղեր առաջարկելու գործընթացը»,-նշեցին բուժաշխատողները:
Արցախի ակցիա իրականացնող բուժաշխատողներից մեկը`«Առողջության իրավունք» ՀԿ համանախագահ Անուշ Պողոսյանը իր խոսքում նշեց. «Արցախի տեղահանված քաղաքացիները բուժհաստատություններ դիմելիս չպետք է ստանան «դուք այստեղ հաշվառված չեք», «համակարգը ձեզ ցույց չի տալիս» կամ «պետպատվեր չունեք» պատասխանները։
ՀՀ կառավարությունը պետք է անգամ հանձնարարական տա առողջապահության նախարարությանը, որպեսզի արցախցու անձնագիրը լինի միակ փաստաթուղթը, որի հիման վրա նրանք կարողանան բուժօգնություն ստանալ։ Վերջիններս պետք է պատշաճ սպասարկվի հիվանդանոցներում կամ օգտվել արտահիվանդանոցային ծառայությունից»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վերջիններս ՀՀ առողջապահության նախարարության մոտ ակցիա էին իրականացնում, իսկ հետո Երևանի փողոցներով իրազեկման երթ են արել։
Նրանք վանկարկում էին «Միացե՛ք և դատապարտե՛ք», «Փրկե՛ք կյանքեր», «պահանջում ենք պատշաճ բուժօգնություն արցախցիներին»,
Ակցիայի մասնակիցների ձեռքին կան Արցախում վիրավորում ստացած երեխաների նկարները, որոնց վրա գրված էր «Դատապարտում ենք»։
Նշենք, որ մի շարք բժիշկներ սոցցանցերի իրենց էջերում արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել անվճար բուժօգնություն տրամադրել Արցախից տեղահանված քաղաքացիներին։





























