Իրանի արտաքին գործերի նախարարությունը, ի պատասխան Վաշինգտոնում ահաբեկչական գործողության մասին ԱՄՆ-ի կողմից հնչող մեղադրանքների, հայտարարություն է տարածել, որտեղ հերքում է այդ մեղադրանքները:
Հայտարարությունում ասվում է.
«ԱՄՆ գլխավոր դատախազը 2011թ. հոկտեմբերի 11-ին իր հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնում Սաուդիան Արաբիայի դեսպանի նկատմամբ ահաբեկչական գործողությունը չեզոքացվել է ԱՄՆ անվտանգության ուժերի կողմից եւ այդ առնչությամբ ձերբակալվել է ոմն Մանսուր Արբաբ Սեյր:
Ձերբակալված անձը 16 տարի է բնակվում է ԱՄՆ-ում: Այդ անձնավորությունը որեւէ առնչություն չի ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության պետական մարմինների հետ: Առանց փաստեր ներկայացնելու ԱՄՆ-ում բնակվող քաղաքացուն միակողմանի մեղադրանքներ ուղղելը եւ ԻԻՀ դեմ լրատվական ալիք բարձրացնելը անհամատեղելի է որեւէ իրավական տրամաբանության հետ եւ կարող է լինել զուտ քաղաքական եւ լրատվական ներկայացում: Համաձայն իրավական պարզագույն նորմերի, մեկ այլ պետության դեմ ցանկացած մեղադրանքի դեպքում, ԱՄՆ կառավարությունը նվազագույնը պետք է տվյալ երկրին ներկայացներ մեղադրյալի (մեղադրյալների) անձնական տվյալները` քննարկելու, տեսակետ հայտնելու եւ համագործակցելու համար: ԱՄՆ կառավարությունը, չնայած Իրանի Իսլամական Հանրապետության կտրուկ պահանջին եւ հակառակ միջազգային ճանաչված կոնվենցիաների, մինչ այժմ որեւէ քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ:
* Վերոնշյալ ակներեւ խնդիրները, այլ պարզ ապացույցների կողքին, պատճառ են հանդիսացել, որ քաղաքական հմուտ փորձագետներն ու գործիչները դավադրության մասին այդ երկրի մեղադրանքները միջազգային մակարդակով եւ անգամ նույն ԱՄՆ-ում, մերժեն եւ մասամբ հիշատակեն հեգնանքով` անկախ նրա վերագրմանը այլ պետությանը:
* ԱՄՆ մեղադրանքի հիմքը բացառապես անանուն գաղտնի գործակալի զեկույցն է, որը նախապատրաստվել է թմրանյութերի մաքսանենկության մեջ մասնակիցների ենթադրություններով զուգակցվող խոսքերի վրա: Այս զեկույցում չի ներկայացվել դատական հիմքերով ընդունելի եւ իրավաբանական ճանաչված չափանիշներին համապատասխան որեւէ փաստաթուղթ եւ ապացույց, եւ նման ոչ արհեստավարժ մեղադրանքը ընդունելի չէ որեւէ արդար եւ անկողմնակալ դատարանում:
Անցած երեք տասնամյակներում ավելի քան 16000 իրանցիներ, այդ թվում գիտնականներ եւ ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ դիվանագետներ ԱՖղանստանում եւ Իրաքում ահաբեկչական գործողությունների զոհ են դարձել: Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես ահաբեկչության գլխավոր զոհերից մեկը եւ իսլամական արժեքների հիման վրա անմեղ մարդկանց արյունահեղության հակառակորդը, մշտապես եղել է այս չարաբաստիկ երեւույթի դեմ միջազգային պայքարի առաջամարտիկներից: Այն դեպքում, երբ ակնհայտ է ԱՄՆ կառավարության կողմից ԻԻՀ դեմ որոշ ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող աջակցությունը:
Իրանի` ավելի քան երեք տասնամյա իշխանությունը վկայում է այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետության վարչակարգը, արտաքին քաղաքականության մեջ իր հաստատուն սկզբունքներով եւ որպես պատասխանատու պետություն, իր առաջնահերթությունների մեջ է դասում միջազգային եւ տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանն նպաստելը:
Ըստ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության հաստատուն հիմունքների, ԻԻՀ ռազմավարությունը իսլամական աշխարհի եւ արաբական երկրների, հատկապես հարեւան երկրների, այդ թվում նաեւ Սաուդյան Արաբիայի թագավորության նկատմամբ, հիմնված է եղել խաղաղության, եղբայրության, հավաքական անվտանգության ու կայունության զարգացման եւ խորացման նպատակով բազմակողմանի համագործակցության, Մերձավոր Արեւելքի եւ Պարսից Ծոցի լարված տարածաշրջանի քաղաքացիների երջանկության վրա:
Վճռականորեն եւ խստագույնս հերքելով ԻԻՀ որեւէ կապը ԱՄՆ պաշտոնյաների կողմից հնչեցված մեղադրանքի հետ, հիշեցվում է, որ Ամերիկայի անտրամաբանական վերաբերմունքը սույն թույլ սցենարի նախագծմամբ եւ ներկայացմամբ նկատմամբ եւ այդ երկրի քաղաքական եւ լրատվական ներկայացումը բացատրվում է Իսլամի սթափվելու ներքո, ԻԻՀ դեմ ԱՄՆ անօրինական քայլերի սնանկությունը եւ այդ երկրի ներքին ահագնացող խնդիրները, բացառապես ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության բազմակողմանի պարտությամբ:
Ակնհայտ է, որ լարվածության առաջացման պատասխանատվությունը եւ միջազգային անվտանգության խաթարումը նմանատիպ անհիմն քարոզչության սցենարների միջոցով ընկնում է ԱՄՆ կառավարության վրա»:




























