Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ են իրականացվում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա գնահատմամբ՝ հնարավոր են տարաբնույթ զարգացումներ՝ ավելի արագ, դանդաղ, երկարաձգված, շատ կարճ, ավելի կոշտ, պակաս կոշտ։
«Կարելի է պատկերացնել, որ ոչ բոլորին են բաց թողնելու։ Որոշ մարդկանց կստուգեն, կսկանավորեն ու դուրս չեն թողնի։ Ցուցակ կա, և դա հաստատել են Ադրբեջանի իշխանությունները։ Նրանք խոսում են մինչև 400 մարդու մասին, բայց կարող են լինել շատ ավելին:
Տարբերակ կա, որ բոլորին բաց թողնեն, դուրս մղեն։
Տարբերակ կա, որ ինչ-որ մարդիկ կգնան անտառներ, սարեր ու այնտեղ կկռվեն։
Տարբերակ կա, որ նրանք կթողնեն որոշակի թվով մարդկանց, որոնց հետո կցուցադրեն, ասես բնակատեղիում, և կբացատրեն, թե որքան հանդուրժող են ադրբեջանցիները։
Այս ամենը տարբեր վարկածներով էթնիկ զտումներ են, նույնիսկ եթե այնտեղ ինչ-որ մեկը մնա։
Շատ բան կախված է նրանից, թե ինչպես կզարգանան հանգամանքները արտաքին ճնշման, հասարակական կարծիքի, Հայաստանի հետ առևտրի առումով և այդ հարցում Հայաստանի պատրաստակամությունից և անպատրաստակամությունից։
Ադրբեջանը էթնիկ զտումների համար ջանում է հասնել երկու նախապայմանի՝ Արցախի պաշտպանության բանակի կազմալուծում և պետության կազմաքանդում, ինչը գործնականում արդեն իսկ արված է։
Ադրբեջանի նպատակը Ղարաբաղն է առանց հայերի։ Մենք զարգացման անավարտ գործընթացի մեջ ենք, բայց ես այս գործընթացը կասեցնելու որևէ հնարավորություն չեմ տեսնում»,- ընդգծել է փորձագետը։











