Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն այսօր` հոկտեմբերի 18-ին, իր հավատարմագրերը է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտոնական արարողությանը հետեւած զրույցի ընթացքում Արմեն Պապիկյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում ընթացող գործընթացները եւ այդ համատեքստում կարեւորել Հայաստան-ԵԽ համագործակցությունը հստակ ծրագրերի հաստատման ու իրականացման տեսանկյունից: Խոսելով ԵԽ-ում ընթացող բարեփոխումների մասին` դեսպան Պապիկյանը նշել է, որ Հայաստանն, ինչպես եւ անցյալում, պատրաստ է աջակցել Գլխավոր Քարտուղարին ԵԽ բարեփոխումների գործընթացում:

Թորբյորն Յագլանդը, ողջունելով Հայաստանի նորանշանակ մշտական ներկայացուցչին, նշել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ԵԽ գործընթացներում եւ գոհունակությամբ նկատել, որ Հայաստանի ընկալումները ԵԽ բարեփոխումների եւ Հայաստան-ԵԽ համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ համընկնում են իր մոտեցումներին եւ պատկերացումներին: Նա նաեւ ընդգծել է, որ կազմակերպության նպատակն է ծառայեցնել կուտակած փորձագիտական ներուժն ի նպաստ անդամ պետությունների կարիքների:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ԵԽ հետ այլ միջազգային կազմակերպությունների համագործակցության զարգացման առկա խնդիրները եւ հեռանկարները: