Խորոշեւոյի շրջանում հայտնաբերվել է կառույց, որը ռուսական ցարերի սեղանատան  համար ծառայել է որպես սառնարան: Հայտնաբերված սառցարանը Կրեմլի սահմաններից դուրս գտնվող ամենահին կառույցն է: XVI դարի այս կառույցը մոսկվացի հնագետները գտել են ընթացիկ հետախուզական աշխատանքների ընթացքում, հայտնում է Vesti.ru-ն:

Արխիվային փաստաթղթերում հայտնաբերվել է տվյալ տեղանքի հնագույն հատակագիծը: Կողքին եղել է Բորիս Գադունովի պալատը` կառուցված 1598թ.: Պահպանվել է նույն ժամանակաշրջանում կառուցված Երրորդության վանքը: Այսինքն, սառցարանը եւս այդ ժամանակների է: Գադունովն իր համար կալվածք էր հիմնել Խորոշեւո գյուղում, որը նվեր էր ստացել Իվան Ահեղի որդուց:

Պալատը կանգուն է եղել մինչեւ XIX դարի կեսերը: Եկեղեցին XX դարում դարձել է Վորոշիլովի անվան կոլտնտեսության ակումբ, իսկ գերանակոփ խրճիթը, որը թաքցնում էր  պատմական նկուղը, մեկ փոստի է վերածվել, մեկ` տպագրատան: Բայց սառցարանը 400 տարուց ավելի օգտագործվել է իր բուն նշանակությամբ:

Այստեղ պահվել են ցարական սեղանի բոլոր բարիքները, ձմռանը նկուղում դրվել են սառցաբեկորներ, որոնք ամբողջ տարվա ընթացքում մշտական ջերմաստիճան են ապահովել:

Սառցարանը մոտ ժամանակներս մանրամասն կուսումնասիրվի եւ պահպանության տակ կառնվի: