Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր,  պատրաստ է  շարունակել քայլերը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս մասին Բաքվում, հոկտեմբերի 18-ին, լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսը:

«ԱՄՆ-ը հավատարիմ է մնում այն սկզբունքին, որ պետք է անել ամեն հնարավորը գործընթացի արագացման եւ թարմացման համար, ինչն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից կատարվում է ամենաբարձր` նախագահների մակարդակով»,- նշել է նա:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական АPА լրատվական գործակալությունը, Բաքվում գտնվող Ուիլյամ Բերնսը նշել է, որ խնդրի պատերազմական կարգավորման ճանապարհ չկա:

Նրա խոսքով, սակայն, ղարաբաղյան կոնֆլիկտի այժմյան «ստատուս-քվոն» չի կարող երկար պահպանվել, եւ ԱՄՆ-ն այս հարցը համարում է անհետաձգելի:

Բերնսը նաեւ նշել է, որ Ադրբեջանի նախագահի հետ այցի շրջանակում ունեցած հանդիպման ընթացքում ղարաբաղյան կոնֆլիկտը քննարկման ամենալուրջ և կարեւոր թեմաներից է եղել: