Գերմանական MDR  հեռուստաալիքն ափսոսանք է հայտնել  Գրոզնիում հոկտեմբերի 5 -ին կայացած համերգին  իր պարային խմբի մասնակցության համար:  Պաշտոնապես նրանք հանդես են եկել քաղաքի օրվա կապակցությամբ, որը համընկել է Չեչնիայի  նախագահ Ռամզան Քադիրովի ծննդյան օրվա հետ: Հենց այս փաստն է դժգհություն առաջացրել իրավապաշտպանների, ինչպես նաեւ գերմանացի քաղաքական գործիչների շրջանում, հաղորդում է dpa-ն:

Հեռուստաընկերության ղեկավարությունը Քադիրովի մոտ խմբի ելույթը սխալմունք է համարել: MDR –ը պնդել է, որ արտիստներին վարձել է Չեչնիայի ղեկավարության հետ կապ չունեցող մի գործակալություն: Այս սկանդալը կարող է քննարկման թեմա դառնալ բունդեսթագում: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել բունդեսթագի Մարդու իրավունքների եւ մարդասիրական օգնության հանձնաժողովի նախագահ Թոմ Կենիգսը: Նա նշել է, որ Չեչնիայի նախագահը հայտնի է մարդու իրավունքների խախտումներով, հաղորդում է  Lenta.ru-ն:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը կարծում է, որ հոլիվուդյան աստղերը եւ այլ հայտնի մարդիկ, որոնք հրավիրվել են մասնակցելու Գրոզնիի օրվան նվիրված մասշտաբային տոնակատարություններին, որը համընկել է Ռամզան Քադիրովի ծննդյան օրվա հետ, պետք է հրաժարվեն ստացած գումարներից ու նվերներից:

«Երբ աստղերը գումար են ստանում նրա (Ռամզան Քադիրովի) երեկոյին մասնակցելու համար, դրանով գռեհկացնում են մարդու իրավունքների խախտումներին զոհ գնացած անթիվ մարդկանց տառապանքները»,- ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Գրոզնիի օրվա տոնակատարությունների ժամանակ, երբ Քադիրովին հարցրել են, թե որտեղից է ֆինանսավորվում Չեչնիայի հանրապետությունը, նա պատասխանել է. «Ալլահն է տալիս»:

Human Rights Watch-ը հիշեցնում է, որ Չեչնիայի նախարարություններից մեկի աշխատակիցը նշել էր, որ Գրոզնի այցելած աստղերին հոնարար է վճարվելու: Լրատվամիջոցների փոխանցմամբ, միայն Վանեսսա Մեյին, կես ժամանոց ելույթի համար խոստացել են 500 հազար դոլար, հաղորդում է Gazeta.ru-ն:

Գրոզնի այցելած աստղերի թվում են եղել օսկարակիր Հիլարի Սուոքը, Ժան Կլոդ-Վան Դամը եւ այլք: