Սանկտ-Պետերբուրգի Կոնստանտինովյան Պալատում այսօր` հոկտեմբերի 18-ին, կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետեր Տիգրան Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Կողմերը քննարկել են ընթացիկ տնտեսական վիճակին եւ երկկողմ  առեւտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իր ողջույնի խոսքում, Պուտինն ասել. «Ցանկանում եմ ընդգծել, որ հայ-ռուսական երկկողմ տնտեսական հարաբերությունները վատ չեն զարգանում: Հայաստանի տնտեսության մեջ ավելանում են ռուսական կապիտալով ներդրումները, որոնց ծավալը Ձեր երկրում կազմում է 3 միլիարդ ԱՄՆ դոլար: Մենք այժմ աշխատում ենք Հայաստանի տրանսպորտային համակարգի բարելավման ուղղությամբ: Ռուսական կողմն ստանձնել է Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը, եւ Հայաստանի երկաթգծի զարգացմանն ուղղված ներդրումները հասնում են 5 մլրդ ռուսական ռուբլու: Տեղյակ եմ, որ այս ուղղությամբ զարգացման ծրագիր  է մշակված, ինչը նշանակում է, որ երկաթգծի զարգացմանն ուղղված  աշխատանքները կշարունակվեն: Գիտեք, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ գտնվող Վերին Լարս անցակետը բացվել է նաեւ հայկական կողմի խնդրանքով, որպեսզի կարգավորվի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ցամաքային կապը:

Տեղյակ ենք նաեւ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրի մասին: Այս ուղղությամբ պետք է քննարկվի հարցի տնտեսական կողմը: Ցանկանում եմ ընդգծել, որ մեր երկրների միջեւ առկա են երկկողմ լավ հարաբերություններ նաեւ էներգետիկայի, մասնավորապես, ատոմային էներգետիկայի ոլորտում: Իսկ «Գազպրոմ» ընկերության ներդրումները Հայաստանի էներգետիկ ոլորտում կազմում են 1.6 մլրդ ԱՄՆ դոլար: Ոչ մի կասկած չպետք է լինի, որ երկկողմ համատեղ ծրագրերն ամբողջությամբ իրականացվելու են: Ուրախ եմ մեր հանդիպման համար, որը կնպաստի Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը»:

Իր հերթին Տիգրան Սարգսյանը նշել է. «Վերջին երկու տարիներին՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո, մեր երկրի տնտեսությունում նկատվում է զարգացման ակտիվություն: Նախորդ տարի Հայաստանն արձանագրել է 2 տոկոս տնտեսական աճ: Այս տարի սպասվում է, որ տնտեսական աճը մեր երկրում մոտ կլինի 5 տոկոսին:

Հայ-ռուսական հարաբերություններն ունեն զարգացման լավ դինամիկա: Հայաստանում ռուսական ընկերություններն իրենց ապահով են զգում: Մեր երկրում գործում է ռուսական կապիտալով ավելի քան 1200 ընկերություն, որոնց զարգացման տեմպերը բավարար են: Հայաստանում գործող ռուսական ընկերությունների արտահանման ներուժը գնալով աճում է, եւ դա շատ ուրախալի է: Խոշոր ռուսական կապիտալով ընկերությունների ներդրումները հասել են շահութաբերության բարձր մակարդակի: Ցանկանում եմ ընդգծել, որ մեր համատեղ ծրագրերը հաջողությամբ են ընթանում, եւ ձախողված ծրագրեր չկան:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմի գործընկերներին, մասնավորապես, Ձեզ 2009 թ. Հայաստանին հատկացված 500 մլն ԱՄՆ դոլար վարկի համար, որն օգնել է հաղթահարել ճգնաժամի բացասական հետեւանքները: Այդ գումարից 250 մլն ուղղվել է աղետի գոտում շինարարության իրականացմանը: Մի կողմից` այն նպաստեց մեր երկրի տնտեսական աճին, քանի որ գումարներն ուղղվեցին շինարարությանը, մյուս կողմից՝ այն ուներ սոցիալական նշանակություն, քանի որ մարդիկ վագոն-տնակներից տեղափոխվեցին հարմարավետ բնակարաններ: Մնացած 250 միլիոնն ուղղվել է տնտեսության վարկավորմանը, մասնավորապես, այն ընկերություններին, որոնք դժվարություններ ունեին»: 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության երկօրյա աշխատանքային այցը Սանկտ-Պետերբուրգ շարունակվում է: