«Արայ» ընկերության սեփականատիրոջ մահվան գործով ոստիկանությունում 6-7 վարկած է քննվում, թեեւ քրեական գործը հարուցվել է «ինքնասպանության հասցնելը» հոդվածով: Ոստիկանության Աբովյանի բաժնի քննչական բաժանմունքի պետ Եղիշե Պետրոսյանի խոսքով, առավել հավանական է ինքնասպանության վարկածը, հաղորդում է «Ազատությունը»:
Հարցին, թե որքանո՞վ է հավանական «Արայ»-ի սեփականատիրոջ սպանության վարկածը, Պետրոսյանը պատասխանել է, որ չի կարող այդ հարցին պատասխանել, դրա համար կան հատուկ փորձագետներ, այդ թվում ձգաբաններ եւ մինչեւ եզրակացությունները չլինեն, ապացույցներ չունենան, չեն կարող այդ մասին խոսել:
Նրա ներկայացմամբ, իրենք ոչինչ չեն բացառում, բայց նաեւ չեն կարող հստակ որեւէ բան հայտարարել, այս պահին չկա հստակ պատկերը, եւ փորձաքննություններից հետո այդ ամենը պարզ կլինի: Եղիշե Պետրոսյանի ներկայացմամբ, առայժմ այդ գործով բերման ենթարկված կամ կասկածյալ չկա:
Ընկերությունից փոխանցել են, որ առայժմ ձեռնպահ են մնում որեւէ մեկնաբանությունից եւ գնահատականներից` սպասելով համապատասխան մարմինների կողմից իրականացվող հետաքննության արդյունքներին:
Հիշեցնենք, որ կիրակի օրը ոստիկանությունը «Արայ» ընկերության սեփականատիրոջը` 31-ամյա Արմեն Պետրոսյանի դին հայտնաբերել էր նրա ավտոմեքենայում` նստած վիճակում, ձեռքին ատրճանակ, քունքի մասում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ ինքնասպանության հասցնելու հոդվածով հարուցված քրեական գործով այս պահին որեւէ բերման ենթարկված կամ կասկածյալ չկա:
Թերթերն, այսօր անդրադառնալով «Արայ»-ի սեփականատիրոջ մահվան դեպքին, ըստ էության, հարցականի տակ են դնում ինքնասպանության վարկածը: «Ինքնասպանություն, թե՞ սպանություն» վերտառությամբ հոդվածներում մամուլը գրում է, որ շատերի մոտ կասկածներ է հարուցել Արմեն Պետրոսյանի մարմնի, ձեռքերի դիրքը: Մամուլը, մասնավորապես, գրում է, որ ինքն իր վրա կրակելու դեպքում, ձեռքը այդպես կոկիկ դրված չէր լինի ոտքերի վրա:




























