Վանաձորում, այսօր` հոկտեմբերի 18-ին, ժամը 21:30-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել:

Տիգրան Մեծ պողոտայում, Ավանգարդ սրճարանի դիմաց, իրար են բախվել Opel մակնիշի 26 ՕՍ 889 համարանիշի, «Նիվա» մակնիշի 62 ՏԼ 745 համարանիշի եւ «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենաները:

«ԳԱԶԵԼ»-ը վթարի վայրից դիմել է փախուստի եւ ինչպես հետո պարզվեց, կայանել մոտակա փողոցում:  Opel-ը խոշոր չափի վնաս չէր կրել, մինչդեռ «Նիվայի» հետնամասը բախվել է գովազդային վահանակի հենասյանը:

Բախման ժամանակ «Նիվան» հարվածել է սյան մոտ գտնվող մի քաղաքացու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի թիվ մեկ հիվանդանոցային համալիր:

Դեպքի վայր են ժամանել Լոռիի մարզի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` ճանապարհային ոստիկանության 5-րդ  գումարտակի երկրորդ սպայական վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի ղեկավարությամբ: Ներկա էին նաեւ Վանաձորի ոստիկանապետ Սերգո Ավետիսյանը, Լոռիի մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանը, ոստիկաններ, քննիչներ: 

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Լոռիի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Վաղինակ Մարտիրոսյանը խոստացավ վաղն առավոտյան անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել ավտովթարի մասին: Երկու մեքենաներն էլ տեղափոխվեցին տուգանային հրապարակ: