Գողացել են շվեյցարական ժողովրդական կուսակցության թալիսման համարվող Ցոտել անունով այծին: Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, դաշնային ընտրությունների նախաշեմին, որոնք տեղի են ունենալու հոկտեմբերի 23-ին:
Վերջին ժամանակներս Ցոտել անունով այծ-թալիսմանն ապրում էր խորհրդարանի պատգամավոր, SVP-ի անդամ Էռնստ Շիբլիի մոտ: Քաղաքական գործչի խոսքով, ինքը այծի բացակայությունը հայտնաբերել է հոկտեմբերի 15-ին, երբ ցանկացել է կերակրել կենդանուն, գրում է rufox.ru-ն:
Շիբլին նշել է, որ Ցոտելի անհետանալուց մի քանի ամիս առաջ, ինքը սպառնալիքներով լի նամակ է ստացել: Նամակը փոխանցել են ոստիկանությանը, բայց դա չի կարողացել կանխարգելել այծի հափշտակությունը: SPV-ի անդամները վստահ են, որ այծի անհետացումը քաղաքական ենթատեքստ ունի. նրանց կարծիքով, Ցոտել այծը գտնվում է իրենց քաղաքական հակառակորդների մոտ:
Ներկայումս կենդանու որոնումներով զբաղվում են իրավապահ մարմինները: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով World Radio Switzerland-ը, Ցոտելի առեւանգման պատասխանատվությունն իր վրա է վերցրել Հակաֆաշիստական շարժումը: Այդուհանդերձ, առայժմ ոստիկանությանը չի հաջողվել դուրս գալ Շվերյցարիայի ժողովրդական կուսակցության թալիսմանի հետքի վրա:


























