Կովկասում առաջին ACM (Association for Computing Machinery) թեստավորման համակարգում, հոկտեմբերի 23-ին, ժամը 12:00-ին, կկայանա Ծրագրավորման օնլայն մրցույթ: Մրցույթի կազմակերպիչ, ACM համակարգի հեղինակ, երիտասարդ ծրագրավորող Դավիթ Նիկողոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս մրցույթի ընթացքում պատանի ծրագրավորողները եւս մեկ անգամ կցուցադրեն խնդիրների լուծման իրենց վարպետությունը:
Հարցին, թե ի՞նչ է անհրաժեշտ մրցույթում հաղթելու համար, երիտասարդ ծրագրավորողը պատասխանեց. «Մտքի արագություն, արագ կողմնորոշվելու ունակություն, ճկուն մտածելակերպ, հարուստ գիտելիքների պաշար»: Մրցույթի տեւողությունը լինելու է 5 ժամ: Մասնակիցներին կտրվեն 8 խնդիր, որոնցից յուրաքանչյուրի լուծումը առանձնահատուկ է եւ պահանջում է յուրահատուկ հմտություն: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դրամ, իսկ մրցանակաբաշխությունը լինելու է երկու շաբաթ հետո:
Նշենք, որ ACM համակարգը Կովկասում խնդիրների օնլայն թեստավորման առաջին համակարգն է, որը ստեղծվել է հայ երիտասարդ ծրագրավորողի կողմից: Կայքում գրանցվելը, առցանց օլիմպիադաներին մասնակցելն անվճար է եւ հեղինակի խոսքով` միշտ էլ անվճար կլինի: Դավիթը հույս ունի, որ համակարգը հետագայում հնարավորություն կտա անցկացնելու միջազգային խոշոր մրցույթներ: Իսկ առայժմ ACM համակարգում ծրագրավորման օնլայն մրցույթ կայացել է եւս երկու անգամ, առաջին անգամ մասնակիցները 10-ն էին, երկրորդ անգամ` 28-ը: Իսկ այս անգամ մրցույթը, կազմակերպիչի խոսքով, տարբերվելու է նրանով, որ լինելու է մրցանակային ֆոնդ, եւ հնարավոր է, որ մասնակիցներ լինեն նաեւ Ղարաբաղից եւ Վրաստանից:




























