Թերթը գրում է, որ Ադրբեջանի եւ Թուրքմենստանի կողմից Տրանսկասպյան գազամուղի կառուցումը խիստ անհանգստացնում է ռուսներին:
«Նախօրեին Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ հրավիրված անվտանգության խորհրդի հատուկ նիստում քննարկման առարկա են դարձել Եվրամիության հետ հարաբերությունները եւ Մոսկվայի հնարավոր քայլերը` ընդդեմ Ադրբեջանի եւ Թուրքմենստանի միջեւ Տրանսկասպյան գազամուղի կառուցման: Ռուսաստանի նախագահը, քննարկման ընթացքում անդրադառնալով Տրանսկասպյան գազամուղի կառուցման խնդրին, նշել է. «Ռուսաստանը պետք է հստակ ձեւակերպի իր դիրքորոշումը եւ իրազեկի այդ մասին Կասպից ծովի մեր հարեւաններին, եթե նրանք այս կամ այն որոշումներն ընդունեն»: Ռուսաստանը եւ Իրանը համատեղ ճնշում կարող են իրականացնել նաեւ թուրքմենական եւ ադրբեջանական ուղղություններով միաժամանակ: Իսկ Բաքվի նկատմամբ ցանկացած ճնշում առնչվում է տարածաշրջանի մյուս երկու պետություններին` Հայաստանին եւ Վրաստանին: Եթե Մոսկվան եւ Թեհրանը համակարգեն իրենց քայլերը Ադրբեջանի նկատմամբ, առաջինը, ինչ «կհասկացվի» Հայաստանին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը հնարավորինս սառեցնելու պահանջն է: Իհարկե, Մոսկվան եւ Թեհրանը Ադրբեջանի վրա ներգործության երկու ծանր լծակ ունեն (լեզգիական եւ թալիշական հիմնախնդիրները): Բայց ազգամիջյան հողի վրա Ադրբեջանը «պայթեցնելու» տարբերակը վերջին ռեզերվն է, «ծանր հրետանինե, որը կարող է գործադրվել, եթե Աշգաբադին եւ Բաքվին «խելոքացնելու» քաղաքական, իրավական եւ տնտեսական ռեսուրսները չաշխատեն»,- գրում է թերթը:




























