Իրանի ռազմածովային ուժերի պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Կասպից ծովում ծովային զորավարժություններին, հայտնում է Mehr-ը։

Իրանական պատվիրակությունը հանդիպել և բանակցություններ է վարել Բաքվում Իրանի դեսպան Սեյյեդ Աբաս Մուսավիի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար կոնտր-ծովակալ Սուբխան Բեքիրովի հետ։ Երկու երկրների օրակարգում է Իրանի և Ադրբեջանի միջև պաշտպանական և ռազմական համագործակցության զարգացումը։

Իրանական գործակալությունը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունը ժամանել է Բաքու՝ որպես դիտորդ մասնակցելու Ադրբեջանում այդ երկրի եւ Ղազախստանի ռազմանավերի և ռազմածովային ուժերի զինծառայողների մասնակցությամբ անցկացվող «Խազրի-2023» համատեղ մարտավարական զորավարժություններին։

Կողմերը նշել են ապագայում Կասպից ծովում ադրբեջանա-իրանական ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը, և այդ հարցում ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն։