Որոշ շրջանակներում վերջին օրերին խաղաղության պայմանագրի ստորագրման ակնկալիքներ կային։ Այս մասին Ազգային ժողովում,  ավանդական ճեպազրույցների ժամանակ, հոկտեմբերի 5-ին ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Շատերն այնպիսի տպավորություն են ունեցել, ասել է պատգամավորը, որ Արցախը ինքնատիպ խոչընդոտ էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման ճանապարհին։ Միեւնույն ժամանակ, Բաքվի կողմից ուժի կիրառումից հետո այդ հարցը փաստացի լուծված է։

«Իրականում միայն Արցախի հարցը չէր խոչընդոտ այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար։ Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք խանգարել են այդ համաձայնագրի ստորագրմանը։ Առաջին խնդիրը պետական սահմանների ճշտման գործընթացն է։ Եվ այս հարցում Հայաստանի եւ Ադրբեջանի մոտեցումները լրիվ տարբեր են»,- հիշեցրել է Աբևահամյանը։

Խորհրդարանականի խոսքով՝ Ադրբեջանում զբաղված են նրանով, որ համաշխարհային հանրության դատին ներկայացնեն տարբեր կեղծ քարտեզներ։

«Ադրբեջանը չի ցանկանում ընդունել առկա ոչ մի քարտեզ որպես հիմնական փաստաթուղթ բանակցային գործընթացի համար, այլ առաջ է քաշում այսպես կոչված սկզբունքներ, որոնք ոչ մի կերպ չեն կարող լինել բանակցությունների հիմքում»,- ընդգծել է Աբրահամյանը։