Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է դիմումատուի բողոքը «Գուրբանովն ընդդեմ Հայաստանի» գործով։

Դիմումատուն՝ Սալման Գուրբանովը, Ադրբեջանի քաղաքացի է, բնակվում է Բաքվում։ 2016 թվականի դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին բախումների ժամանակ զոհվել է նրա 22-ամյա որդին՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող։ Նրա դին հայտնաբերվել է ՀՀ Տավուշի մարզում և 2017 թվականի փետրվարին հանձնվել ընտանիքին։

Հենվելով, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) և 14-րդ (խտրականության արգելք) հոդվածների վրա՝ դիմումատուն բողոքում է անմարդկային վերաբերմունքից, որ ինքը և իր ընտանիքը չեն կարողացել դիակը թաղել կրոնական ավանդույթներին համապատասխան, ինչպես նաև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների բացակայությունից և պնդել է, որ դիակի վերադարձնելուց հրաժարվելու հիմնական պատճառները խտրական են:

ՄԻԵԴ-ը մերժել է դիմումատուի բողոքը՝ վճռելով, որ այդ հոդվածները չեն խախտվել։