ԼՂ-ից նոր ժամանածներ չունենք, բռնի տեղահանվածների թիվը շարունակում է մնալ նույնը. վերջին տվյալների համաձայն՝ Հակարիի կամուրջը հատել է 100 632 անձ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը նաև տեղեկացրեց, որ հաշվառման գործընթացում որոշակի հստակեցում կա, և որ գործընթացին զուգահեռ կատարվում է նաև նույնականացում: 

«Շատ դեպքերում այն անձինք, որոնք մուտք են գործել Հայաստան, հաշվառման 1 գործընթաց անցել են Գորիսում, երկրորդը՝ իրենց կեցության վայրում:

Ունենք այնպիսի դեպքեր, երբ կեցության առաջնային վայր մեկնել են, հաշվառում են անցել, այնուհետև տեղափոխվել են այլ մարզ և կրկին հաշվառում են անցել: Սա որոշակիորեն կրկնակի տվյալներ է ստեղծել բազայում»,- ասաց նա և տեղեկացրեց, որ այս պահին հաշվառված և նույնականացված է շուրջ 98 հազար անձ: