ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի միջնակարգ դպրոց՝ ծանոթանալու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտներին, դպրոցի պայմաններին ու խնդիրներին: Այդ մասին ԿԳՄՍ նախարարությունը տարածել է հաղորդագրություն:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը:
Դպրոցի տնօրեն Արմենուհի Ասատրյանի խոսքով՝ դպրոցն ունի 127 աշակերտ, որոնց այս պահին միացել է արցախցի 55 աշակերտ: Շարունակական աշխատանքներ են տարվում համայնքում բնակություն հաստատած մյուս երեխաներին ևս դպրոց ներգրավելու ուղղությամբ: Համայնքապետարանի աջակցությամբ դպրոցն առաջիկայում կհամալրվի նոր գույքով, որպեսզի հնարավոր լինի ապահովել նոր աշակերտների կրթության շարունակականությունը: Ծաղկաձորի դպրոցում այս պահին արդեն ԼՂ-ից բռնի տեղահանված երեք մանկավարժ է աշխատում:
«Ուսուցչի աշխատանքն անգնահատելի է, և անչափ կարևոր է, որ անցնելով բազմաթիվ դժվարությունների միջով՝ ձեր մեջ ուժ եք գտել աշխատելու և շարունակելու ուսուցչի առաքելությունը: Ուսուցիչն ինքը հաճախ չի էլ պատկերացնում, թե ինչ ահռելի գործ է անում և ինչ մեծ դեր ունի հասարակության մեջ: Մենք ձեր կողքին ենք և ամեն կերպ աջակցելու ենք աշխատանքի և ադապտացման հարցերում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:





























