Ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ առաջարկություններով հանդես գալու Իրանի պատրաստակամությունը ուրախությամբ չի ընդունվում ոչ Հայաստանում, ոչ էլ Ադրբեջանում: Այս մասին NEWS.am-ին ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` նշելով, որ Իրանը հանդես է գալիս բավականին բացատրելի բարի ցանկություններով:
«Հայաստանն ավելի քան բավարարված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով, Ադրբեջանն էլ Իրանի հետ ունեցած, մեղմ ասած, յուրահատուկ հարբերությունների պատճառով չէր ցանկանա ղարաբաղյան կարգավորման խնդրում նրա մասնակցությունը: Ադրբեջանի ներսում Իրանի միջնորդության մասին ցանկացած հիշատակում համանման կերպով է ընկալվում, ինչ Շուշիի ազատագրումը: Կարծում եմ` գործը բարի մտադրությունից այն կողմ չի անցնի»,-նշեց Մինասյանը:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 13-ին Կազանում Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հայտարարել էր, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանան, Իրանը պատրաստ է առաջարկել ղարաբաղյան վեճի լուծումը:
Նա ասել էր, որ «սահմանային վեճեր սովորաբար ծագում են հարեւան երկրների միջեւ»` միաժամանակ ավելացնելով, որ «տարածաշրջանից դուրս գտնվող երկրները ձգտում են վեճերն օգտագործել` տարածաշրջանային հարցերին միջամտելու համար»:
Նա նշել էր, որ Իրանը հանդես է գալիս այդ հարցով բանակցությունների եւ խորհրդատվությունների շարունակման օգտին եւ պատրաստ է օգնել լուծել Երեւանի եւ Բաքվի միջեւ տարածքային վեճը:
Թաթարստանի պետական խորհրդի նախագահ Ֆարիդ Մուհամեդշինի հետ հանդիպմանը Մեհմանպարաստն ընդգծել է, որ Իրանը եւ Ռուսաստանը կարող են էական դեր խաղալ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման հարցում:




























