Իրանի Իսլամական հանրապետության կողմից դիվանագիտական նախաձեռնությունը, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկություն հայտնեն, ապա Իրանը պատրաստ է ղարաբաղյան հակամարտության լուծում առաջարկել, կարելի է դրական գնահատել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, նշելով, որ Իրանն ունի անթաքույց ցանկությունը դառնալ տարածաշրջանի առաջատար երկրներից մեկը, ինչը ոչ պակաս կարեւոր է Հարավային Կովկասի վրա այդ երկրի ազդեցության առումով:

«Ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է տարածաշրջանում կայուն խաղաղության եւ կայունության հասնելու համար ողջունելի է, անկախ այն բանից, թե ով է դրա նախաձեռնողը:  Սակայն, դրան զուգահեռ գոյություն ունեն որոշակի կառուցվածքային ուղիներ, որոնք իրենց ազդեցությունն են թողնում ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացում: Եվ Հայաստանը, եւ Ադրբեջանն ընդունում են, որ այդ կարգավիճակում հանդես են գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, եւ բանակցային գործընթացն ընթանում են այդ ձեւաչափի շրջանակներում »,- նշեց Մարկարովը:

Նա նաեւ նշեց, որ ցանկացած նախաձեռնություն ողջունելի է, սակայն այն քննարկման կարող է դրվել միայն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջարկով, որը կներկայացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին. «Անհրաժեշտ է ընդգծել, որ ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է տարածաշրջանում խաղաղության հասատմանը, կարելի է միայն ողջունել: Չի բացառվում, որ առաջարկը կարող է հետաքրքրական լինի կողմերի համար»:

Ավելի վաղ NEWS.am` հղում անելով իրանական «Tehran Times»-ին, հայտնել է, որ Իրանի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը հյատարարել է, որ Եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանան, Իրանը պատրաստ է առաջարկել ղարաբաղյան վեճի լուծումը:

Մասնավորապես նա նշել է, որ «սահմանային վեճեր սովորաբար ծագում են հարեւան երկրների միջեւ»` միաժամանակ ավելացնելով, որ «տարածաշրջանից դուրս գտնվող երկրները  ձգտում են վեճերն օգտագործել` տարածաշրջանային հարցերին միջամտելու համար»:

Նա նշել է, որ Իրանը հանդես է գալիս այդ հարցով բանակցությունների  եւ խորհրդատվությունների շարունակման օգտին եւ պատրաստ է օգնել լուծել Երեւանի եւ Բաքվի միջեւ տարածքային վեճը:

Մեհմենպարստն ընդգծել է, որ Իրանը եւ Ռուսաստանը կարող են էական դեր խաղալ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման հարցում: